Արցախի անկախությանը նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմով»: Իտալացի կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունը հնչեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների: Նախագիծն իրականացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը, համերգի գեղարվեստական ղեկավարը՝ Լյուբով Կազարնովսկայան: Սեպտեմբերմեկյան կարևոր այս իրադարձությանը ներկա էին ԼՂՀ և ՀՀ նախագահները, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ և հյուրեր արտերկրից:
Եվ, այնուամենայնիվ, հարց առաջացավ` ինչո՞ւ «Ռեքվիեմ»: Այս հարցը կախվեց օդում ու այդպես էլ մի կարգին բացատրություն չստացավ: Եվ հենց այդ օրերին համացանցում հանդիպեցի անկախ Արցախին, ինչո՞ւ ոչ, ընթացիկ տոնակատարություններին ուղղակիորեն առնչվող գրառման` «Նուբար Ասլանյան, «Հիմն Արցախին», քառաձայն երգչախմբի և նվագախմբի համար»: Իսրայելաբնակ կոմպոզիտոր ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԻ ստեղծագործությունները մեծ համբավ ունեն թե՛ մեզանում, թե՛ դրսում (դրսում` էլ ավելի):
Ինչո՞ւ է սույն գործը վրիպել կազմակերպիչների աչքից: Ե՞րբ է գրվել, երբևէ հնչե՞լ է: Այս հարցերը համացանցի միջոցով ուղղեցի մաեստրոյին:
-Պարոն Ասլանյան, երբ է գրվել «Հիմն Արցախին» ստեղծագործությունը` քառաձայն երգչախմբի և նվագախմբի համար, ամենակարևորը` ե՞րբ և որտե՞ղ է կատարվել:
-Գրված է 1990-ին: Կատարված չէ:
-Երբևէ առիթ չի՞ եղել այն ներկայացնելու, ի վերջո, 25 տարի է անցել:
-Այդ 25 տարին ինձ հնարավորություն տվեց «նմանվելու» իմ սիրելի Շոստակովիչին:
-Այսի՞նքն: Ինչպե՞ս հասկանալ այդ խորհրդանշական «նմանությունը»:
-1936-ին գրված նրա թիվ 4 սիմֆոնիան կատարվեց 1961-ին: Ճիշտ է, Շոստակովիչն անձամբ գործը հանեց կատարումից, քանզի թունոտ լեզուներն ընկել էին նրա հետևից:
-Կարո՞ղ եք մանրամասնել: Ձեր դեպքում՝ ի՞նչն է պատճառը, որ լռել է այդ գործը: Կարծում եմ` անձամբ վետո չեք դրել: ՈՒ, առհասարակ, ի՞նչ ստեղծագործություն է դա, որ արժանացել է Շոստակովիչի թիվ 4 սիմֆոնիայի ճակատագրին:
-«Հիմն Արցախին»՝ քառաձայն երգչախմբի և նվագախմբի համար ստեղծագործությունը հեղինակել եմ 1990-ին: Դիմեցի այն ժամանակվա ԿՄ նախագահ մեծն Էդվարդ Միրզոյանին` նոտաները բազմացնելու (կրկնօրինակելու) խնդրանքով: Չնայած սուղ միջոցներին, Էդվարդ Միխայլովիչը, հասկանալով հայրենասիրական գործի բնույթն ու անհրաժեշտությունը, կարգադրեց, և նոտաները բազմացվեցին (բնօրինակը՝ երգչախմբի և սիմֆոնիկի բոլոր պարտիաները ես էի արտագրել պարտիտուրից` աչքիս լույսի հաշվին): 91 թվին նոտաներն առած գնացի Լորիս Ճգնավորյանի մոտ: Ասաց՝ Չեքիջյանը բեմ բարձրանալու համար 2000 դրամ է ուզում, որտեղի՞ց տամ: Զգուշությամբ նկատեցի` «Բայց սա հայրենասիրական գործ է, Արցախի մասին»: Ասաց. «Է, եթե ես հիմա Ցեղասպանությանը նվիրված գործ գրեմ, վաղը պիտի կատարե՞նք: Թող նոտաները գրադարանում»: Հասկացա` պիտի թողնեմ «սառույցի վրա»: Գնացի Երգչախմբային ընկերության այն ժամանակվա նախագահ, նաև խմբավար Էմմա Ծատուրյանի մոտ: Նրա քաղաքական հոտառությունը հուշեց, որ այս գործը պետք է կատարվի: Սկսվեցին պարապմունքները, և երբ եկա հերթական փորձին, ասաց. «Շուտ գնա Դուրյանի մոտ, քեզ է սպասում»: Հրճվանքի մեջ էի՝ կա երգչախումբ և կա նվագախումբ: Գնացի Մաեստրոյի մոտ (պարապում էր իր «մի բուռ» նվագախմբի հետ՝ կինո «Պիոների» մոտ գտնվող ձայնագրման ստուդիայում՝ թշվառ տեսարան...): Առաջին հարցը` բառերն ո՞ւմն են: Քաշվելով ասացի` իմն են: Գովեց: Թերթեց պարտիտուրս: Հետո լռեց: Լռությունը խախտելով հարցրի`արդյոք ունի՞ ցանկություն նվագելու Էմմա Ծատուրյանի երգչախմբի հետ: Ասաց` գործիքավորումը պետք է փոխել: Զարմացա, վատ զգացի, բայց դե Մաեստրոն էր ասում: Տխուր դուրս եկա մոտից: Քաշվելով զանգահարեցի մեծն Ալեքսանդր Հարությունյանին (ես նրա ուսանողը չեմ եղել, բայց նա նաև հոյակապ դաշնակահար էր և կարող էր հանպատրաստից կարդալ, նվագել պարտիտուրս): Խնդրեցի հանդիպում: Ասաց` արի տուն (ասեմ, որ ինքն էլ, ժամանակի ուրիշ մեծերի հետ, մեր տանն է հյուրընկալվել): Գնացի: Դրեց պարտիտուրս, ուշադիր կարդաց, հետո նվագեց ու ասաց՝ լավ: Մինչև «լավ» ասելը ես ես չէի, սիրտս հուզմունքից թպրտում էր: Վարպետի «լավ» բառից հետո խոստովանեցի, որ Դուրյանն ասաց՝ «գործիքավորումը պետք է փոխել»: Ասաց` այս գործիքավորումով էլ կհնչի: Թագավո՜ր էի... Դուրյանի մոտ էլ չգնացի, հասկացա՝ Մաեստրոն, թերևս, անհարմար զգաց, որ իրեն հատկացված նվագախումբն ընդամենը «մեկ բուռ» էր, և չէր կարող գործս կատարել, խոստովանել նույնպես չէր կարող (չեմ պնդում իմ ճշմարտության մեջ, բայց...): Հայաստանից դուրս գալուց առաջ մտածեցի` ում թողնեմ նոտաներս հիշատակ: Կարծեցի ամենաճիշտը «Ղարաբաղ» կոմիտեին թողնելն էր՝ Մոսկովյան փողոցի վրա: Գնացի, մտա առանձնասենյակ, հարցրի. «Դո՞ւք եք նախագահը»: Ասաց. «Հլա որ ես եմ (ճիշտ այսպես): Հասկացա, որ սա «էն դեպքը չէ»: Նոտաները թողեցի մեր տանը, իսկ ինքս հեռացա: Անցավ 18 տարի: Մոտենում էր Արցախի անկախության 20-ամյակը: Պարտիտուրը հրատարակեցի Իսրայելի Երաժշտական կենտրոնում (I.M.C.)՝ երգչախմբով և նվագախմբային ձայներով հանդերձ և, Անկախության 20-ամյակի տոնակատարությունից տարիուկես առաջ, հույսով ու հավատով ուղարկեցի հրատարակված նյութը Հովհաննես Չեքիջյանին: Զանգահարեցի մաեստրոյին, ճշտելու համար՝ նոտաները ստացա՞վ, թե՞ ոչ: Ստացել էր, հարցրեց, ո՞վ պիտի վճարի: Ասացի` մաեստրո, ես ի վիճակի չեմ վճարելու, և, ի վերջո, սա Արցախին է նվիրված: Միամիտ շաշ (Վրթանես Փափազյանի «ՈՒզուն ախմախը» երևի ինձնից խելացի էր): Ասաց. «Բան չունեմ ասելու, բայց դե, գոնե տղաները մի բան ստանային»: Հուշեցի՝ գուցե ինքը մշակույթի նախարարությա՞նը դիմի կամ էլ ներառի իր հերթական համերգներից մեկի ծրագրում: Ասաց. «Լավ, կխոսեմ նախարարության հետ»: Անցավ տարի և երեք ամիս: Զանգ: Մաեստրոն էր զանգահարել՝ Հայֆա: ՈՒրախացա: Ասաց. «Ձեր ստեղծագործությունը պատրաստ է, մեզ անհրաժեշտ են դահլիճ և նվագախումբ»: Դեմիրճյանի ասած՝ «գրպանս է, հիմա կհանեմ, կտամ»: Հարցրի. «Իսկ նախարարությո՞ւնը»: Ասաց. «Չօգնեցին»: Հիշեցրի, որ ինքն առաջիկայում համերգներ ունի, գուցե կներգրավի՞ ծրագրում: Ասաց. «Դրանք ուրիշ բաներ են,- և ավելացրեց,- եթե հնարավորություն լինի, մենք պատրաստ ենք այս գործը կատարելու նաև Արցախում» (ասեմ, որ գործընկերս՝ հայտնի կոմպոզիտոր, ասաց՝ Չեքիջյանի վրա հույս մի դիր, չի կատարի, և նշեց պատճառը՝ սեփական փորձից, ինչը, սակայն, չեմ կարող ասել): Նամակ գրեցի Արցախի նախագահին` հետն էլ նվիրելով պարտիտուրի մեկ օրինակ: Պատասխանեց մշակույթի և երիտասարդության նախարարուհին, ասելով, որ իրենց ունեցած նվագախումբը կամերային է (ոչ սիմֆոնիկ): Պատասխան նամակում շնորհակալություն հայտնելով հանդերձ, ասացի, որ իր հայտնածը ինձ հայտնի է, և հետն էլ «հուշեցի», թե ինչպես կամերայինը կարելի է մեկ օրում դարձնել սիմֆոնիկ՝ եթե կամերայինի կազմը համալրեն ևս 12-15 երաժիշտներ (անպայման կլինեն ղարաբաղցի ուսանողներ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում): Լռություն: Հասկացա, որ առանց ֆինանսավորման չի լինի:
Նամակ և նամակիս հետ պարտիտուրի մեկ օրինակ նվեր ուղարկեցի Գագիկ Ծառուկյանին: Բացատրեցի գործի էությունն ու իմ տեսակետից՝ կարևորությունը: Կարծում էի, թե 2-2,5 հազար դոլարով գործը գլուխ կգա: Քար լռություն: Արհամարհանք: Ես ստուգել եմ ՝ փոստը ստացված էր: Քթին չդրեց:
-Մի ամբողջ հավերժություն լռել է Արցախին նվիրված ձեր գործը: Ի՞նչ է լինելու, ի վերջո:
-Ես հույսս չեմ կտրում. Դանիել Վարուժանի տեքստով էլ գրեցի «Անդաստան» խմբերգը՝ Արևմտյան Հայաստանի հիմնը: Սա նույնպես չի կատարվել: Խոստացել է մաեստրո Էդվարդ Թոփչյանը: Համոզված եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում նա կկատարի իր խոստումը: Համոզված եմ:
-Բայց չէ՞ որ...
-Հասկանում եմ, նկատի ունեք մեր` արդեն «վաղեմի դարձած» ոչ փայլուն հարաբերությունները: Բայց, գիտեք, ոչինչ տեղում չի մնում, և ի պատիվ մաեստրո Թոփչյանի, ի պատիվ նրա մեծահոգության ու համեստության ասեմ, որ նա ինձ հաշտության ձեռք մեկնեց, և մենք այսօր փայլուն բարեկամներ ենք: Իսկ այս տարվա հունվարի 30-ին կատարվեց իմ «Սիփանա քաջերը»` նրա նախաձեռնությամբ (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան): Բացի դրանից, նրա ղեկավարությամբ հնչեց իմ Տրոմբոնի կոնցերտը`այն էլ օտարերկրյա մենակատարների մասնակցությամբ: Երջանիկ եմ և շնորհակալ: Եվ գիտե՞ք ինչ, իմ հարաբերությունները լարված էին նաև մշակույթի նախարարության հետ, հետո ամեն ինչ հարթվեց, անգամ նախարարն իմ խնդրանքով ընդունեց Իսրայելի հայտնի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ 1 շեփորահար Ռամ Օրենին (իմ մենակատարին): Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև սեպտեմբերի սկզբին Երևանում հյուրախաղերով ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկը, որի բոլոր երաժիշտներն արդեն գիտեն իրենց գործընկերոջ՝ իմ մենակատարի, և Հայաստանի մշակույթի նախարարի հանդիպման մասին: Սա է կարևորը: Կրկնեմ՝ ոչինչ տեղում չի մնում: Փոփոխվում է: Իմ պարագայում՝ դեպի լավը:
-Եվ ի՞նչ, սպասե՞նք պրեմիերային:
-Գիտե՞ք, լավ միտք է, հարցն այն է, թե ե՞րբ: Սպասենք երկու պրեմիերայի:
-«Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան համարվում է կարևորագույն իրադարձություն, բայց, մյուս կողմից, Արցախի անկախության տոնակատարություններին ընդառաջ` որքանո՞վ էր ճիշտ այդ ընտրությունը:
-Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա՝ միջոցառումը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի՞ն, որ պիտի շարունակվեր նաև Արցախում, ինչը բնական կլիներ, թե՞ Արցախի անկախությանը: Եթե Ցեղասպանության թեման էր, ապա Վերդիի «Ռեքվիեմը» բնական էր, չնայած, ինձ համար ավելի բնական կլիներ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարումը (գրողը տանի, հարևանի հարսը սիրո՞ւն է): Իսկ եթե միջոցառումը նվիրված էր Արցախի անկախությանը, ապա, անտարակույս դա «Ռեքվիեմի» տեղ չէ, այդ օրը լացի օր չէ, տոնական է: Իհարկե, պետք է հիշել զոհված հերոսներին, բայց կրկնում եմ՝օրը տոնական է, ֆանֆարային: Եվ մեր ՀԱՖՆ-ի ծրագրում այդպիսի գործեր քիչ չկան, մանավանդ՝ դիրիժորն էլ «տնից»: Դե արի ու մի ասա՝ իսկ ինչո՞ւ այդ տոնական օրը չհնչեր Նուբար Ասլանյանի «Հիմն Արցախին»-ը, որն ավարտվում է այս բառերով.
«Եվ օրեր կանցնեն, կբուժվի վերքդ,
Եվ օրեր կանցնեն, կհնչի երգդ
Նոր ձայնով, ուժգին, ի լուր աշխարհի՝
Լսեցե՛ք,ճանաչե՛ք Արցախին»:
Ինչ, վա՞տ է: Մաեստրո Չեքիջյանը չգիտե՞ր, որ կա այդպիսի գործ, թե՞ Արցախի նախագահը կամ թե մշակույթի նախարարն էին անտեղյակ իմ ստեղծագործությունից: Մնում է մտածել՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Հա, հասկանում եմ, տողերս անհամեստ են, իսկ ստեղծագործությունը 25 տարի պատեպատ տա՞լը...
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ